Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։: