Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հետ կապված
Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ «Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահի անունը։ Արդյոք հենց Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ նախագահը հարցաքննվել է, թե ոչ»,- գրում է լրատվականը՝ հայտնելով, որ նախագահականից չեն մեկնաբանել թեման։ Armsat 1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս եկավ 2022-ի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։ «Թե որքան է վճարել Հայաստանն արբանյակի և այն տիեզերք ուղարկելու համար՝ պաշտոնապես չի հայտարարվել, բայց հայտնի է, որ 2022-ի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար է հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։ Արդյոք այդ գումարը արբանյակի և դրա տիեզերք արձակման ամբողջ ծա՞խսն է ծածկել, հայտնի չէ»,- գրում է լրատվականը: |