ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ նախարարներից ոմանք ժամանակ չեն գտնում ԱԺ այցելելու և իրենց ղեկավարած գերատեսչության կողմից առաջարկվող օրենքի նախագծերը ներկայացնլու հանձնաժողովների անդամներին՝ «մարդկանց, ովքեր հաստատում են այդ օրենքները»։ «Երբ ոլորտի պատասխանատուն է զեկուցում հարցը, նախագծին վերաբերող հարցադրումներ ես կատարում, ինչ-որ չափով պատասխաններ ես ստանում։ Բայց, օրինակ, Ֆինանսների նախարարին մեր հանձնաժողովում պատիվ չենք ունենում հանդիպելու։ Կոչ եմ անում՝ այս խնդիրը դառնա քննարկման առարկա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «Ժամանակ չունեմ»-ը կամ «խիստ զբաղված լինել»-ը որպես պատճառաբանություն չպետք է մեջբերվի․ «Արտոնյալներ ու խիստ զբաղվածներ չպետք է լինեն։ Նախարարն ԱԺ գալու համար ժամանակ պետք է գտնի, նախագիծ է իր անունից դուրս գալիս, բա պիտի գա, պատասխաններ տա»,- նշեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ, մասնավորապես Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ներկա է եղել բոլոր հանձնաժողովների նիստերին։