Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 4 շաբաթ է, 3 օրից կդառնա մեկ ամիս, ինչ մեքենաս պատանդ է վերցվել Քննչական կոմիտեի կողմից:
Հավանաբար մեքենայի մարտկոցն այլևս բանի պետք չէ:
Նույն վիճակն է հեռախոսիս և տանից «գերեվարված» օրինական զենքերիս հետ:
Դրանք պահելու որևէ օրինական հիմք չկա: Իրենց կասկածանքի առարկան՝ ապօրինի զենքը, խուզարկել են (դատարանի թույլտվությամբ) և չեն գտել ո՛չ մեքենայում, և ո՛չ էլ տանը: Ուստի, պարտավոր էին վերադարձնել մեքենաս: Էլ չասեմ, որ օրինական զենքերը և հեռախոսս առգրավելը ընդհանրապես աբսուրդի ժանրից է:
Ինձ մոտ կասկած չկա, ակնհայտ է, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների ոտնահարում: Իրենց կարճ խելքով ինձ դժվարություններ պատճառելով խեղճացնելու են:
Ի դեպ, իրավունքների մասին: Ազատ արձակվելու հաջորդ օրը ՄԻՊ գրասենյակի մոտ լրագրողներին պատմեցի որոշ էական խնդիրների մասին, հետո էլ հանրային կրկին խոսեցի: Իհարկե ՄԻՊ-ի հեչ պետքը չի, չկա մինչ օրս որևէ արձագանք: Լիներ, առաջինը ես կիմանայի. Ինը հոգու վրա կեղծ քրեական գործ են փորձում կարել, ձայն չկա, ո՛չ սրանց, ո՛չ էլ մարդու իրավունքներով զբաղվողների կողմից:
Հայաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 20-ից ավել կազմակերպություններից միայն երկուսը արձագանքեցին այս ամենին:
Ակնհայտ է նաև, որ այս «կանտոռաները» մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրովի են դիտարկում և իրականացնում: Կամ էլ թե, ընդհանրապես այլ՝ չհայտարարված օրակարգ ունեն:
Որ դեպքն էլ, որ լինի, ես իրենց խոստանում եմ, որ իրենց կանտոռաները փակվելու են Հայաստանում հայկական շահեր սպասարկողների իշխանության գալուց հետո: Ես անձամբ դրա մասին հոգ եմ տանելու: Ավելին, հոգ եմ տանելու, որ բոլոր այս հավանաբար լրտեսական կանտոռաները իրենց կառկառուն ներկայացուցիչներով դառնան արդարադատության բաժին և վերջիններս հայտնվեն այն խցերում, որտեղ մարդու իրավունքների հարցերով աշխատանք չեն տարել, սակայն հանրային խոսք էին տվել և ստանձնել նման հանձնառություն:
Նաև հուսով եմ, որ երբ այդ խցի վիճակից գլխացավ բռնի, իրենց՝ ինչպես ինձ, չեն ասելու, որ գլխացավի հաբ չունեն, որ պետք է շտապ օգնություն կանչել, հետո սրանք գալու են, ու ասեն, որ իրենք էլ գլխացավի հաբ չունեն, և միայն կարող են սրսկել:
Ես հիշաչար չեմ, բայց ունեմ շատ լավ հիշողություն: Եվ արդարությունը վերականգնվելու է: Հայաստանն էլ պետություն դառնալու է, ես անձամբ դրա մասին հոգ եմ տանելու»: