Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՀՀ ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը»․ Հայկ Մամիջանյան

13:24, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
«ՀՀ ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին ելույթիս հայերեն թարգմանությունը․
     «Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման նշանակալից թեմայի քննարկման հնարավորության համար։
     Այսօր, խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև քննարկում դրանից քաղած դասերը, որոնք կարևոր են և՛ մեր ներկայի, և՛ մեր ապագայի համար: Մեր համաժողովի թեման ընդգծում է, որ խորհրդարանների, խմբակցությունների և քաղաքական դաշինքների փոխգործակցությունը ոչ թե պարզապես կառավարման գործիք է, այլև պատմական հիշողությունը պահպանելու և մեր երկրների միջև առկա բարեկամությունն ամրապնդելու հզոր ռեսուրս։
     Հայաստանի համար, ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը։ Իմ երեք մեծ պապերը եղել են ռազմաճակատում, որոնցից մեկը՝ Թամանյան դիվիզիայի կազմում։ Հաղթանակի օրը մեր ընտանիքի համար միշտ եղել է, կա և կմնա հարազատ տոն։
     Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։ Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից: Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո՛չ չափը, ո՛չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։
     Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը։
     Միջխորհրդարանական համագործակցությունը եզակի հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Սա հարթակ է, որտեղ խմբակցություններն ու քաղաքական դաշինքները կարող են հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Եվ Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը պետք է այդ նպատակներից մեկը լինի։ Միասին մենք կարող ենք մշակել կրթական համատեղ նախագծեր, աջակցել պատմական հետազոտություններին, կազմակերպել միջազգային համաժողովներ՝ աշխարհին հիշեցնելու համար, որ հաղթանակը ընդհանուր էր և պատերազմի դասերը պատկանում են բոլորին»»։

625 | 0
Facebook