ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցազրույցներից մեկում հատնել էր, որ ընդդիմությունը, խորհրդարան մտնելիս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չի ունեցել․ «Ես և իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան և պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք, Փաշինյանին հեռացնեի՞նք»,- ասել է Նազարյանը։
Գործընկերոջ կարծիքը «Պոլիտիկ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Մեր գնահատականների և մոտեցումների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս չարիքի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։ Եթե մեր խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի մոտեցումների մեջ ինչ-որ բան է փոխվել, դա իր շատ նեղ աձնական տեսակետն է, որը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում, հակառակը՝ այն ուղիղ հակասության մեջ է մտնում խմբակցության ձևավորած օրակարգի և վարած քաղաքականության հետ։ Առնվազն այս հարցը կքննարկվի խմբակցությունում, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկվեն, պարզ կդառնա քննարկումից հետո»,- ասաց Սաղաթելյանը։