Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` իբրև ամենաերկարը դիմացած ղեկավար». իսկ այժմ ԲԴԽ-ն ունի նախագահի հավանական թեկնածու՝ ԲԴԽ անդամ և Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։ Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր և ԲԴԽ անդամ։ 2022 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, իսկ 2023 թվականին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը: Համաձայն դատավորի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երևան քաղաքում և Տավուշի մարզի Սարիգյուղում։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։ Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաև մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 355 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 6 մլն 700 հազար դրամ։ Որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 264 հազար դրամ, որը ստացել է «ՀՀ Փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից։ ԲԴԽ անդամի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը 2 բնակարանի և 1 ավտոկայանատեղու հիփոթեքային վարկ է, որի համար էլ եկամտահարկի վերադարձի օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու համար։ ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Աթաբեկյանը հանգստի համար կատարել է 3 մլն 500 հազար դրամի ճանապարհածախս։ Վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 049 հազար դրամ։ Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միություն անդամ է»: |