«Հայաստանում մի երևույթ կա՝ պատմական Հայաստանի մոդա։ Տեսնում ես ջահել, 30 տարեկան տղա է, խոսում ես հետը, ասում է՝ ես սասունցի եմ, էն մյուսն ասում է՝ ես մշեցի եմ։ Երրորդն ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ խոյեցի եմ: Շատ լավ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է: Ամենայն հարգանքով, որովհետև ես հիմա ուզենամ էլ՝ չեմ կարող ոչ մշեցի լինել, ոչ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, ես սենց ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ, որքան էլ արխիվները քանդում եմ»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չենք հասկանում մի պարզ բան․ «Երբ Դիլիջանում ենք ապրում, բայց ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդտեղ մարդ չկա բնիկ, ստեղից-էնտեղից եկած են, սա էլ հին թուրքկան, ադրբեջանական քաղաք ա։ Եվ կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը։ Այս նախադասությունը երկար ժամանակ չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ»,-ասաց նա: