«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ ՄԻՊ գրասենյակի դիմաց: «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են ՄԻՊ գրասենյակի մոտ, որովհետև փետրվարից դիմում ունեն ներկայացրած, բայց առ այսօր եզրակացություն չկա: «Եկել ենք, որ հասկանանք՝ ինչո՞ւմն է լռությունը, ինչքա՞ն ենք սպասելու ու արդյոք ակնկալե՞նք, որ վերջիվերջո մենք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված ենք, և արդյոք իրենք կոչված են մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ սա ընդամենը ֆիկտիվ կառույց է: Ներս կմտնենք և կփորձենք ճշտումներ կատարել՝ ի՞նչ փուլում է մեր տված դիմումի ընթացքը»,- նշեց Արզումանյանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի անձնակազմը որոշումը վիճարկել է դատարանում և սպասում են վճռին։