Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ոստիկանությունն ինչ-որ դեր ունի Chevrolet Volt-ի մասերի գողության մեջ». Կարեն Հեքիմյան

20:30, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.
«Ոստիկանությունն ինչ-որ դեր ունի Chevrolet Volt-ի մասերի գողության մեջ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենա ունենալը ռիսկային է:
     Երևանի կենտրոնում, բազմաբնակարան շենքի մուտքից, պահարան էին գողացել: Քաղաքացին դիմել էր ոստիկանություն: Սկզբից ոստիկանները, փորձելով նվազեցնել դեպքի նշանակությունն, ասել էին, որ այդպիսի դեպքեր շատ են լինում և մեծամասամբ չեն բացահայտվում: Պահարանը «կորցրած» քաղաքացին «չհանձնվեց»: Մինչ վերջինս ոստիկանությունում դեպքի վերաբերյալ դիմում էր գրում, «հանկարծ» պահարանն իր տեղում հայտնվեց:
     Լսելով այս պատմությունը, յուրաքանչյուրիս մոտ ողջամիտ կասկած կառաջանա, որ ոստիկանությունն ինչ-որ դեր է ունեցել պահարանի գողության մեջ:
     Վերջերս անընդհատ ահազանգեր են գալիս, որ Հայաստանով մեկ «Շեվրոլե Վոլտ» (Chevrolet Volt) մակնիշի ավտոմեքենաներից զանգվածաբար գողանում են վերջինիս մասերը, օրինակ` ֆարերը, վահանները և այլն: Մասնագետների կարծիքով Chevrolet Volt-ի մասերը համեմատաբար հեշտ և արագ են հանվում: Ոստիկանություն դիմող քաղաքացիներին ոստիկաններն ասում են, որ «խնդիրը զանգվածային բնույթ է կրում, այն վերաբերում է բացառապես Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաներին և գողության դեպքերը հնարավոր չէ բացահայտել»: Եվ չեն բացահայտում:
     Ավտոպահեստամասերի փաստացի և վիրտուալ շուկան (օրինակ` list.am կայքը) լեփ-լեցուն է Chevrolet Volt-ի օգտագործված պահեստամասերով: Ընդ որում, դրանցով զբաղվում են շատ սահմանափակ թվով անձինք: Այսինքն, մեծ հաշվով, Chevrolet Volt-ի պահեստամասերի գողերին բացահայտելն «ուչաստկովու գործ է»: Սակայն, ոստիկանության` Chevrolet Volt-ի գործով, անգործությունը ողջամիտ կասկածներ է առաջացնում առ այն, որ ոստիկանությունն ինչ-որ դեր ունի Chevrolet Volt-ի մասերի գողության մեջ: Այնպես, ինչպես պահարանի դեպքում:
     Պահարանը վերադարձվեց, քանզի այն իրենից գումարային իմաստով մեծ արժեք չէր ներկայացնում: Chevrolet Volt-ի պահեստամասերը պահանջված են, հետևաբար` արժեք են ներկայացնում:
     Ստացվում է` Հայաստանում Chevrolet Volt ունենալը ռիսկային է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
3772 | 0
Facebook