Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն՝ Վրաստանի վարչապետի հայտարարության պատճառով։
Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն կոչ էր արել հետաքննել Մոլդովայում նախագահական ընտրությունների անցկացումը, որի ընթացքում, նրա խոսքով, «բավականին կոպիտ խախտումներ» են արձանագրվել։
«Մոլդովայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին այսօր կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված Մոլդովայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունների հետ։ Նա տեղեկացվել է մոլդովական կողմի խորը դժգոհության մասին առ այն խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով Վրաստանի վարչապետն իր հրապարակային ելույթում անդրադառնում է Մոլդովայի Հանրապետության եվրոինտեգրման խնդիրներին և մեր երկրում ընտրական գործընթացներին։ Ցանկանում ենք նշել, որ Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի միջև համագործակցության և ավանդական բարեկամության հարաբերությունները, ինչպես նաև այն նպատակները, որոնք մեր պետություններից յուրաքանչյուրը հետապնդում է եվրոպական ինտեգրման գործընթացում, պետք է գերակայեն»,- ասվում է Մոլդովայի դեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Իրակլի Կոբախիձեն կոչ է արել հետաքննել Մոլդովայում ընտրությունների անցկացումը՝ ի պատասխան վրացի ընդդիմադիրների և արևմտյան քաղաքական գործիչների՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջներին։