Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Որոնք են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

09:24, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.
Որոնք են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռևս մեկ ամիս առաջ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները մտադիր են կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը Հայաստանում չերկարաձգել։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ երկու տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց միսիայի ժամկետը, եւ եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Նրանց ժամանմանն ի սկզբանե դեմ է եղել Ադրբեջանը:

Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ: Այսպես ասած` հայելային քայլ է անում` ե՛ւ ռուսներին է հանում, ե՛ւ եվրոպացիներին: Նախօրեին Բաքվից գաղտնազերծելով խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը՝ ըստ էության, հաստատել են վերոնշյալ նախապայմանի գոյությունը։

Խաղաղության համաձայնագրի վիճահարույց երեք կետերը X-ի իր էջում գաղտնազերծել է Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական եւ դիվանագիտական վեճերի» բացառումը, վերջինն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայությանն է վերաբերում:
     Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած փորձագետի պնդումներին, երեկ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա: Իսկ մյուս երկու կետերի վերաբերյալ ասել է. «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց՝ այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, եւ սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։ Արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրսբերումը, փոխարտգործնախարարը պատասխանել է. «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրոմիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարեւոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեպետ իշխանությունները դեռ չեն համաձայնել այդ պահանջին, քանի որ առկա է Արևմուտքի ճնշումը, սակայն երբ երկարաձգման ժամանակը գա, հայտարարելու են, որ չեն ուզում տորպեդահարել խաղաղության գործընթացը, մանավանդ որ բանակցային գործընթացն էլ թեւակոխել է տետ ա տետի` առանց միջնորդների ձևաչափ։

Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ ԱԳ նախարարի տեղակալն ասել է. «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»: Խոսքը թերևս հայցերի, միջազգային ատյաններում ներկայացվող պահանջների մասին է»:

2657 | 0
Facebook