Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Պայքարի էությունը ոչ թե «հանուն»-ի և «ընդդեմ»-ի ընտրությունն է, այլ այդ ուժերի հավասարակշռումը». Դավիթ Անանյան

18:30, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.
«Պայքարի էությունը ոչ թե «հանուն»-ի և «ընդդեմ»-ի ընտրությունն է, այլ այդ ուժերի հավասարակշռումը». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր քաղաքական և հասարակական շարժման խորքում կամ ակունքներում առկա է «հանուն» և «ընդդեմ» պայքարի դիալեկտիկայի մասին թեզը։ «Պետք է պայքարել հանո՛ւն, այլ ոչ թե՝ ընդդեմ», կոչ են անում քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Սակայն, արդյո՞ք այս երկուսը հնարավոր չէ արդյունավետ կերպով համատեղել՝ առավելագույն արդյունքի հասնելու և հանրային ցնցումները նվազագույնի հասցնելու համար։ Այս առումով կարևոր է հասկանալ, որ «հանուն» կամ «ընդդեմ» լինելը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ ավելի շուտ փոխլրացնող ջանքեր՝ առաջընթացի հասնելու համար:
     Դիտարկենք պայքարը հանուն հայրենիքի. սա մեծ, համախմբող սկզբունքային վարքագիծ է, որը մարդկանց ոգեշնչում է հերոսության ու անձնազոհության։ Մարդիկ պատրաստ են իրենց կյանքը, ուժը, երազանքները տալ Հայրենիքի համար՝ մարմնավորելով անցյալի ու ներկայի հերոսների վառ կերպարը։ Միևնույն ժամանակ, այս պայքարը ենթադրում է մերժում և ակտիվ դիմադրություն թշնամուն՝ ներքին կամ արտաքին։ Այս դեպքում թշնամին նույնացվում է այն ամենի հետ, ինչը վտանգ է ներկայացնում հենց Հայրենիքի գոյության համար։ Այդպիսի թշնամին չարիքի, կործանման ու ատելության մարմնացումն է։ Ուստի հանուն Հայրենիքի կռիվը և ընդդեմ թշնամու կռիվը նույն մետաղադրամի երկու կողմերն են։
     Հանուն լուսավոր ապագայի ու առաջընթացի իդեալների անհրաժեշտություն կա նաեւ պայքարել ընդդեմ խավարի ու ստրկամտության։ Նման դիմակայության վառ օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում և պատմական տարբեր դարաշրջաններում։ Մարդիկ, ովքեր արդար հասարակություն կառուցելու կիրք ու հավակնություններ ունեն, պատրաստ են ինքնազոհության գնալ հանուն պայծառ ապագայի, բայց միևնույն ժամանակ չեն կարող մոռանալ, որ խավարն ու ճնշումը ձգտում են ոչնչացնել իրենց գաղափարներն ու ջանքերը: Հետևաբար, ընդդեմ այդ խավարի ու հանուն երազած ապագայի ամենօրյա պայքարը պահանջում է ոչ միայն եռանդ, այլև սառը հաշվարկ, սթափ հայացք դեպի թշնամիներն ու խոչընդոտները։
     Երբ խոսքը վերաբերում է պետությանը, ապա համատեքստն էլ ավել ի բարդանում, քանի որ պայքարը հանուն ազգային ամբողջականության և մշակութային ինքնության պահպանման կարող է ընթանալ ընդդեմ ապազգային իշխանության պայքարի համատեքստում: Այս պարադոքսը հասկանալը պահանջում է քաղաքական մտածողության խորը հասունություն, քանի որ այսպիսի իրավիճակում «հանուն» պետական շահերի լինելը կանխատեսում է սեփական պետությունն ուժեղ և բարեկեցիկ տեսնելու ցանկությունը, սակայն միևնույն ժամանակ կոռումպացված, ապազգային և բռնակալ իշխանությանը «ընդդեմ» լինելը նույն ցանկության բաղկացուցիչ մասն է։
     Այսպիսով, քաղաքականության և հասարակական շարժումների աշխարհում պայքարի էությունը ոչ թե «հանուն»-ի և «ընդդեմ»-ի ընտրությունն է, այլ այդ ուժերի հավասարակշռումը։ Հերոսական անձնազոհությունը հանուն վառ իդեալների պետք է աջակցվի պրագմատիկորեն կառուցված գործողություններով նրանց դեմ, ովքեր սպառնում են այդ իդեալներին: Սա է ցանկալի հավասարակշռության հասնելու և, ի վերջո, հաղթելու միակ միջոցը»:

Աղբյուրը` Դավիթ Անանյան
739 | 0
Facebook