Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքն օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է»․ Կարո Ասատրյան

12:54, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.
«Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքն օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է»․ Կարո Ասատրյան

Երեկ «Գոյ» թատրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ Արդարադատության նախարարության կողմից պարզաբանում են ստացել, ըստ որի՝ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Թատրոնը նշում էր նաև, որ վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը։

Այսօր «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները՝ իրենց փաստաբանի հետ միասին, հավաքվել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մոտ, որպեսզի տնօրենին ներկայացնեն Արդարադատության նախարարության պարզաբանումը և հասկանան իրենց հետագա անելիքը։

Փաստաբան Կարո Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես փաստում եմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է։ Արդարադատության այս գրությունը որպես հավելյալ պարզաբանում է ներկայացվել՝ համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման»։

Ավելի ուշ Սունդուկյան թատրոնի փաստաբանն իր հերթին նշել է, որ Արդարադատության նախարարության պարզաբանումը հիմք չէ՝ բացել «Գոյ»-ի դռները և շարունակել նրա գործունեությունը։

«Գոյ»-ի ներկայացուցիչները զանգահարեցին ոստիկանություն, որպեսզի ոստիկանության աշխատակիցները մոտենան Սունդուկյան թատրոնի մուտքի մոտ՝ նշելով, որ խախտվում են որոշակի իրավունքներ։

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի տնօրինությունը և դերասանական անձնակազմը որոշումը վիճարկել են դատարանում և սպասում են վճռին։

«Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքն օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է»․ Կարո Ասատրյան
964 | 0
Facebook