Ինչպես հայտնել էինք, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսները և ուսանողները ակցիա են իրականացնում՝ բողոքելով կառավարության որոշման նախագծից, ըստ որի Ագրարային համալսարանի տարածքից 2-րդ մասնաշենքի մի ամբողջ հատված Հայաստանում Ֆրանսիական համալսարանին է տրամադրվելու։
Բողոքի մասնակիցներից Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը լրագրողների հետ զրույցում նշեց ․«Շուրջ 40 լսարան տրամադրվելու է Ֆրանսիական համալսարանին։ Անհնար է եզակի լաբորատորիաների տեղափոխումը մասնաշենքից, իսկ առանց դրա էլ անհնար կլինի համալսարանի կազմակերպված կրթական ծրագրերը։ Էդ առումով մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարություն, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»։
Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ կարող են 5 հոգի ներս մտնել՝ քննարկումների համար։