ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված հարցը վերաբերվում էր պատմական թեմաներով բազմասերիանոց ֆիլմերի նկարահանումներին։ Նա օրինակ բերեց մեր հարևան երկրի (Թուրքիա) ֆիլմարտադրությունը, որտեղ գերակշռում են պատմական թեմաներով ֆիլմերի նկարահանումները․ «Այդ ֆիլմերը, սերիալները ողողել են համաշխարհային շուկան, այն օգտագործվում է թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական իմիջը բարձրացնելու նպատակով։ Արդյո՞ք պատմական թեմաներով բազմասերիանոց ֆիլմերի նկարահանման ծրագրեր կան, որոնք այս խոցված ժամանակաշրջանում կարող են իմիջային լինել Հայաստանի համար»,- նշեց պատգամավորը։
Հարցին, Շիրինյանի խնդրանքով, պատասխանեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը․ «Առաջին անգամ ենք հանրային դաշտում ասում, որ Հանրայինն արդեն երեք տարի է՝ հետաքրքված է «Հայֆիլմ» կինոստուդիայով։ Բավականին մեծ զարգացման ծրագիր ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը՝ ստուդիայի կառավարման մասով։ Այս ծրագիրը երկար ժամանակ քննարկվել է։ Մենք պատրաստվում ենք շեշտը դնել կոնտենտի ստեղծման վրա, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում ֆիլմերն ու սերիալները։ Հանրային հեռուստաընկերությունը տարվա մեջ մեկ կամ երկու սերիալ է թողարկել, բայց դա քիչ է։ Մեր զարգացման ծրագրում տեսնում ենք «Հայֆիլմ»-ի վերականգնումը»: