Արսեն Թորոսյանի նախկին վարորդը «փայ է մտել» դիահերձման վճարներից
Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով 2024 թվականի ամռանը կալանավորված` «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի գործով նոր մեղադրյալներ են հայտնվել, գրում է «Առավոտ»-ը: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Աշտարակ ԲԿ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Մանուկ Քեշիշյանը, որը միաժամանակ «Աշտարակ ԲԿ»-ի պահակ է աշխատել, Աշտարակ համայնքում մահացածների հարազատներին դիահերձման դիմաց գանձվող վճարի չափի հետ կապված կեղծ տեղեկություններ հայտնելով՝ դիահերձման գործընթացից ստացել է ապօրինի վարձատրություն, որի մասին տեղյակ են և իրենց մասնաբաժինն են ստացել դիահերձող Գրիգոր Մկրտչյանը, Արագածոտնի մարզի դատաբժիշկ Արայիկ Դալլաքյանը, «Աշտարակ ԲԿ»-ի` արդեն նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը: Կոռուպցիոն սխեմայում, ըստ իրավապահներին հասած տվյալների, դերակատարություն է ունեցել նաև պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող` Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, որը մասնաբաժին է ունեցել քաղաքացիներից ստացվող անօրինական գումարներից: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ վերջինս անձամբ, իսկ որոշ դեպքերում էլ միջնորդի միջոցով, գումարներն ստացել է «Աշտարակ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանից: Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ռազմիկ Թադևոսյանը «Աշտարակ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի միջոցով «Աշտարակ ԲԿ»-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանից պահանջել և ստացել է 500.000 ՀՀ դրամ գումար հետագայում որոշակի առավելություններ տրամադրելու համար, այն է՝ Քեշիշյանի կողմից ղեկավարվող դիահերձարանի և Արագածոտնի մարզպետարանի միջև կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելու գործընթացում, հօգուտ Քեշիշյանի որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու նպատակով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի իրավասության ներքո գործող դիահերձարանում տեղի ունեցած ապօրինությունների մասին տեղյակ են ոստիկանության` դեռևս ինքնությունը չպարզված ծառայողներ, որոնց համար որոշ ծառայություններ մատուցելու դիմաց «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանը գումար չի վերցրել, իսկ ոմն Հարութ անունով ոստիկանության ծառայողին «մաղարիչի» տեսքով կաշառք է տվել: Նախաքննությունը շարունակվում է: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |