Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տպավորություն է, որ պետական բյուջեն ներկայացվում է աշակերտների միջավայրում»․ Հակոբ Բադալյան

12:12, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Տպավորություն է, որ պետական բյուջեն ներկայացվում է աշակերտների միջավայրում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանում ներկայացվում է պետական բյուջեն: Այն ներկայացնող վարչապետ Փաշինյանի ուղեկցող խոսքից տպավորություն է, որ պետական բյուջեի նախագիծը ներկայացվում է ոչ թե խորհրդարանում, այլ իքս դպրոցի հինգերորդ կամ վեցերորդ դասարանցի աշակերտների միջավայրում՝ լավագույն դեպքում:
     Փաստացի, դա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է իր լսարանի մասին, թե խորհրդարանական, թե խորհրդարանից դուրս, ովքեր հիացած կլսեն «հայտնագործությունը», որ միայն «պետությունն ունի պետական բյուջե»:
     Գուցե այդ լսարանում կան մարդիկ, որոնք մինչ այսօր մտածել են, որ պետական բյուջե կարող է ունենալ նաև, օրինակ՝ ինչ որ մասնավոր կոնցեռն:
     «Պարզ ճշմարտությունների» ոճը, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը կիրառում է միանգամայն գիտակցված աշխատելով հենց այդ լսարանի վրա:
     Բաժանենք երկու մասի: Խորհրդարանական լսարանի իմաստով նա թերևս վստահ է, որ այստեղ ասելու բան չկա, այստեղ կա «սովորելու» բան: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական մեծամասնությանը «սովորեցնում» է, թե ինչ տրամաբանությամբ, ոճով և բովանդակությամբ նրանք պետք է խոսեն հանրության հետ: Այդ առումով, նա խորհրդարանական մեծամասնությանը բառի բուն իմաստով դիտարկում է «աշակերտական լսարան»:
     Հանրային լսարանի իմաստով, նա «պարզ ճշմարտությունների» ոճը կիրառում է միանգամայն գիտակցված գնահատելով իրողությունները: Մասնավորապես, Փաշինյանը համարում է, որ որևէ այլ լսարանի ինքն ասելիք չունի՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
     Հետևաբար, պետք է աշխատել այն լսարանի վրա, որը անհագուրդ սպառում է «պարզ ճշմարտությունները»:
     Հայաստանում էական խնդիրն այն է, որ մյուս լսարանները չունեն հաղորդակից-համակարգ: Իսկ այդպիսի հնարավորություն ունեցողներն էլ, դարձյալ, ըստ էության գերադասում են լսարանների հետ հաղորդակցվել միայն «պարզ ճշմարտությունների» իմաստով, պաարզապես, ի տարբերություն Փաշինյանի՝ կիրառում են «բարդ բառակապակցություններ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1347 | 1
Facebook