Եվրոխորհրդարանի անդամները, որոնք նախկինում բազմիցս քննադատել են վրացական իշխանություններին, ասել են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել «ատելության և ահաբեկման» մթնոլորտում, և երկիրը, նրանց կարծիքով, հեռանում է ժողովրդավարությունից։
«Մենք մտավախություն ունենք, որ ատելության և ահաբեկման մթնոլորտը, որին ականատես եղանք ընտրությունների օրը, լրջորեն կխանգարի Վրաստանում քաղաքական գործընթացներին։ Շատ կարևոր է, որ քվեարկության ընթացքում մատնանշված խախտումները հետաքննվեն և հաշվի առնվեն»,- ասել է ընտրություններում Եվրոխորհրդարանի պատվիրակության ղեկավար, ԵԽ-ի իսպանացի պատգամավոր Անտոնիո Լոպես-Իստուրիս Ուայթը, ում խոսքերը մեջբերված են Եվրոխորհրդարանի մամուլի հաղորդագրությունում։ Եվրոխորհրդարանի պատգամավորը պնդում է, որ պատվիրակությունն ականատես է եղել որոշ ընտրատեղամասերում քաոսի, բռնությունների, քվեաթերթիկների լցոնումների և քվեարկության գաղտնիության խախտման։ Նա նաև դժգոհել է, որ նախընտրական քարոզարշավում հռետորաբանություն է օգտագործվել՝ ուղղված Եվրոմիությանն ու ընդհանրապես Արևմուտքին։