Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Մերձավոր Արևելքում առկա սրացումներով և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով` էսկալացիայի բոլոր ակտերը պետք է դատապարտվեն և դադարեցվեն։
«Գլխավոր քարտուղարը խստորեն կրկնում է իր կոչը բոլոր կողմերին՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ներառյալ` Գազայում և Լիբանանում, գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու լայնածավալ տարածաշրջանային պատերազմը և վերադառնալ դիվանագիտության ճանապարհին»,- ասել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նույն կոչով են հանդես եկել Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը։ Նրանք ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների ցիկլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք ամբողջ Մերձավոր Արևելքը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին, որը սպառնում է նրա բոլոր ժողովուրդների ռեսուրսներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հարձակման։ Երկրի պաշտպանության բանակը հայտարարել է իրանական ձեռնարկությունների, այդ թվում՝ հրթիռների արտադրության օբյեկտների և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակումների մասին։ Իրանը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումը կանխելու համար։