«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հինգշաբթի օրը տեղի ունեցած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աղմկահարույց բացահայտումներ է արել։ Թեպետ պաշտոնապես հաղորդվեց, որ «քննարկել են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները», և Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել զեկույցով ու պատասխանել նիստի մասնակիցների հարցերին, սակայն ՔՊ-ական թիմից տեղեկացանք, որ Հայրապետյանն ավելի շատ խոսել է ձախողումների մասին, բայց ոչ թե իր ղեկավարման, այլ նախորդի՝ Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարված։ Բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է։
Նախարարը մանրամասնել է, որ սխալ ծրագիր է կազմվել, սխալ հաշվարկներով, ինչի հետևանքով տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլև գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռևս տիեզերքում է՝ երկրի մակերևույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն նաև տեղեկացրել է, որ մոտ երկու ամսից այն կընկնի, և իրենք նոր ծրագիր են մշակում։
Նա այնպիսի վրդովմունքով և դետալային է ներկայացրել կատարված խայտառակությունը, որ նիստին ներկա ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտել է, թե արդյոք արժե՞ ընդլայնված ֆորմատով նիստում խոսել այդ թեմայի մասին»։
Մանրամասները՝ թերթի համարում։