Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային 20 միլիարդ դոլար կհատկացվի

00:30, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ.
Ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային 20 միլիարդ դոլար կհատկացվի

Միացյալ Նահանգները` որպես Մեծ յոթնյակի (G7) խմբի հետ համաձայնագրերի մաս, վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը, ասել է նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս որոշումը որակել է «պատմական»։

«Այս կերպ Ուկրաինան կկարողանա ստանալ այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, առանց ծանրաբեռնելու [ամերիկացի] հարկատուներին: Այս վարկերը կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, որը պաշտպանում և վերակառուցում է իր երկիրը»,- ասել է Բայդենը։

Նա ընդգծել է, որ Կիևի դաշնակիցների գործողությունները «հասկանալի են դարձնում, որ բռնակալները պատասխանատվություն են կրելու իրենց պատճառած վնասի համար»։ «Սա ևս մեկ հիշեցում է [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին, որ աշխարհը հավաքվել է Ուկրաինայի շուրջ, և Միացյալ Նահանգները և G7-ի մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում:

Պատերազմի հենց սկզբում արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները՝ ընդհանուր առմամբ 300 միլիարդ դոլարի չափով: Դրանից հետո բազմիցս առաջարկվել է բռնագրավել այդ միջոցները և ուղղել դրանք Ուկրաինայի կարիքներին՝ որպես վնասի փոխհատուցում: Սակայն, ի վերջո, Արևմուտքը հրաժարվեց այս գաղափարից՝ համարելով, որ դա անցանկալի նախադեպ կստեղծի և կհանգեցնի այլ պետությունների ակտիվների դուրսբերմանը, որոնք կսկսեն վախենալ իրենց պահուստների անվտանգության համար։

Երկար բանակցություններից հետո մշակվել է համալիր սխեմա, որը նախատեսում է Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկեր տրամադրել՝ գրավադրված ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամտով (տարեկան 3-5 միլիարդ եվրո): 2024 թվականի սկզբին Ուկրաինայի իշխանությունները ռուսական ագրեսիայի վնասը գնահատել են 1 տրիլիոն դոլար։

3959 | 0
Facebook