«Այն, ինչ կատարվում է իմ ընկերությանը պատկանող տարածքում, նման է սուլթանատի։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի համար ոչ մի լավ բան չեն արել»,- այս մասին 24TV-ի եթերում նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Արամի 33 հասցեում տեղի ունեցած իրադարձություններին։ «Ես կարմիր բերետավորներին չեմ մեղադրում, ես հրաման տվողին եմ մեղադրում»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ այսօր Արա Աբրահամյանին պատկանող («Согласие Армения» ընկերություն) տարածքում հատուկ տեխնիկա ու կարմիր բերետավորներ էին հայտնվել, որպեսզի ապահովեն հարակից տարածքի սեփականատիրոջ մուտքը։
Այնտեղ նախատեսվում է հյուրանոց կառուցել։
«Согласие Армения»-ի ներկայացուցիչները պնդում էին՝ դատական գործընթացի մեջ են վերը նշված անձի հետ․ «Համաձայն օրենքի՝ երբ հարևանների միջև առկա է վեճ, ապա այն պետք է կարգավորվի դատական կարգով։ Սակայն դատական կարգով որևէ հարց չի կարգավորվել, սերվիտուտի իրավահարաբերությունն առկա չէ, բայց ոստիկանները թույլ են տալիս, որ այս գույքը ոչնչացվի»,- ասում էին նրանք։