Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ի ձևաչափի համաձայն, երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի` Բաքվի ու Երևանի գործերին մասնակցության մասին։
«Նրանք, այսպես թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ-ի շրջանակներում։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,- պարզաբանել է նա։ Միաժամանակ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ, պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղարը։
«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ կլոր սեղանի շուրջ նստել էին միմյանց կողքին։ Նիստը բացել է ԱՊՀ-ում նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ։