Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բորտնիկովի խոսքը գուցե զգուշացում է»․ Հակոբ Բադալյան

16:42, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.
«Բորտնիկովի խոսքը գուցե զգուշացում է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»: Այս հայտարարության հեղինակը ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովն է, որը ելույթ է ունեցել ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստում:

Բորտնիկովն էլի բաներ է ասել, սակայն վերցրել եմ իմ կարծիքով ամենից էականը:

Ըստ իս, Բորտնիկովի հայտարարությանը պետք է վերաբերել լուրջ: Նա, փաստորեն, հանրայնացնում է շատ կոնկրետ մեխանիզմ-սցենար՝ ՄԱԿ խաղաղապահներ: Հարց է առաջանում, որտե՞ղ, ի՞նչ հիմքով: Իսկ Բորտնիկովն այդ մասին խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին խոսակցության համատեքստում: Հետևաբար, խոսքը հենց այս տիրույթում ՄԱԿ խաղաղապահի սցենարի մասին է:

Ինչո՞ւ եմ համարում, որ սա է էականը: Որովհետև մյուս հայտարարությունները, որ անում է նա Արևմուտքի նպատակների մասին, ըստ էության նոր չեն իրենց տրամաբանության և հռետորաբանության մեջ: Իսկ ահա ՄԱԿ խաղաղապահների թեման ունի շատ կոնկրետություն, որպես մեխանիզմ, տարբերակ, սցենար, ու հնչում է առաջին անգամ:

Չի բացառվվում, որ սա ևս ընդամենը հռետորաբանոթյուն է, առանց որևէ առարկայական հիմքի, պարզապես եղած պրոպագանդային նոր տարր ավելացնելու համար, որպեսզի Բորտնիկովի ելույթը չլինի կրկներգ, այլ տարբերվի: Բացառել պետք չէ:

Բայց, պետք չէ նաև ապավինել միայն այդ վարկածին: Այդ դեպքում էական է դառնում, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ՄԱԿ խաղաղապահ, որտե՞ղ: Արցախո՞ւմ: Իհարկե այս մասին մտածելը կլինի քաղաքական անհամարժեքություն: Ավելին, Արևմուտքը ինքը մեծ ջանք է գործադրել այդ հարցը փակելու համար, որպեսզի բացվի Միջին միջանցքը: Ըստ այդմ աներևակայելի է պատկերացնել, թե հնարավոր է թեմայի վերադարձ: Հետևաբար, խոսքը կարող է վերաբերել ապաշրջափակման, այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի թեմային:

Եվ այստեղ է, որ Բորտնիկովի խոսքը մտահոգիչ է: Այն կարող է լինել կամ հենց Ռուսաստանի որևէ սցենարը քողարկող, այսպես ասած շեղող մանևր, կամ լինել զգուշացում իրապես գոյություն ունեցող արևմտյան սցենարի, երբ Միջին միջանցքի հարցը կլուծվի բախման սցենարով, որի հիման վրա Հայաստանի տարածքում կտեղակայվեն միջազգային խաղաղապահներ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2874 | 0
Facebook