Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու ճանապարհով»․ Հակոբ Բադալյան

10:54, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանը գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու ճանապարհով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հաջիևը ըստ էության կրկնել է օրեր առաջ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը խաղաղությանն ու արդարությանը «հավատարմությունը» ցույց տալու համար պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կիրառողներին», որոնց հերոսացրել է:

Ինչպես նկատել էի, և ինչպես շատ շատերի համար բարդ չէր պատկերացնել, խոսքը արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեծ դերակատարում ունեցած գործիչների մասին է: Կասկած չկա, որ Ադրբեջանը կամ կփոխանցի «ցանկ», կամ արդեն փոխանցել է այդ «ցանկը» Երևանին:

Հաջիևը ըստ էության կրկնել է Ալիևի խոսքը, ինչը անխոս հաստատում է, որ Ալիևի հայտարարությունները ամենևին չեն եղել ներքին սպառման համար և դրանք պարզապես՝ այսպես ասած խաղաղության գործընթացում Հայաստանին ներկայացվող հերթական պայման-պահանջն են:

Ընդ որում, շեշտեմ, այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բաքուն փնտրում պատրվակներ: Երբ մենք հարցը դնում ենք այդ կտրվածքով, նվազեցնում ենք խնդրի մասշտաբը: Բաքուն չի փնտրում պատրվակ, այդպիսի պատրվակների պակաս նա չունի, նորի կարիքն էլ հետևաբար մեծ չէ: Ադբրեջանը թիրախային կերպով գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու, Հայաստանի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը ապամոնտաժելու ճանապարհով:

Իսկ այդ ինքնության ու կառուցվածքի մեջ արցախյան առաջին պատերազմն ու դրանում դեր ունեցած գործիչների հանգամանքը ունեցել է, և անգամ ցավագին պարտությունից եւ Արցախի կորստից հետո ունի հիմնարար նշանակություն:

Ընդ որում, այստեղ կա շատ էական մի հանգամանք: Որքան էլ այդ մարդկանց, գործիչների մի զգալի մասը հետագա տարիներին իր «խաղաղ պայմաններում» գործունեությամբ վարկաբեկել է հենց արցախյան շարժման տարիների իր ավանդը, միևնույն է, վերը նշածս բաղադրիչը շատ վաղուց հայ հանրության ընկալման մեջ, հետևաբար հայկական պետական ինքնության ու սոցիալ-հոգեբանական կառուցվածքում չունի անձնավորված գոյություն, այն արդեն վաղուց երեւութական է: Այսինքն, անձերը գուցե իրենք իրենց վարկաբեկել են, բայց չեն վարկաբեկվել այն արժեքները, գաղափարական, նպատակային ուղենիշները, որոնց հանդեպ արդյունավետ գործունեությունն էր ձեւավորել նրանց դրական նկարագիրը:

Այժմ, հենց այդ «հենքն» է թիրախավորում Ադրբեջանը, այլ ոչ թե ընդամենը փնտրում խաղաղության պայմանագիր ասվածը չստորագրելու պատրվակ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1703 | 0
Facebook