Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալևն այսօր հուշարձանի բացման արարողության ժամանակ մասնավորապես հայտարարել է. «Օկուպացիայի ժամանակ բազմաթիվ օտարերկրյա ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, ես այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ, լսել եմ այնպիսի կարծիքներ, որ պետք է հաշտվել իրողությունների հետ, որ Ղարաբաղն արդեն կորել է, որ պետք է հաշտություն կնքել Հայաստանի հետ. մենք պետք է երիտասարդ սերնդին պատրաստենք խաղաղության, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հնչեցին նաև այլ կարծիքներ. որոշ դեպքերում այս կարծիքներն արտահայտողները կարող է և անկեղծ էին, որոշ դեպքերում դա արել են մեզ մոլորության մեջ գցելու, մեր մեջ հոռետեսություն սերմանելու համար: Սակայն կյանքն ու իրականությունը ցույց են տալիս, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ե՛վ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և՛ հակաահաբեկչական գործողությունը (նկատի ունի Արցախի Հանրապետության վրա ահաբեկչական հարձակումը 2023 թվականին), և՛ դրան հաջորդած մեկ տարին, ցույց տվեցին, որ որտեղ կա ուժեղ կամք, ժողովրդի և իշխանության միասնությունը, մեր ժողովրդի աննկուն ոգին, ոչ մի ուժ, ոչ մի կազմակերպություն չի կարող դիմակայել այս կամքին։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրումը, մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնումը, ես դա գիտեմ, ավելի են ամրապնդել արևմտյան ադրբեջանցիների լավատեսությունը, ձգտումն ու հույսերը։ Նույնիսկ օկուպացիայի ժամանակ՝ 10 տարի առաջ, իսկ գուցե ավելի վաղ, իմ որոշ ելույթներում մտքեր եմ արտահայտել՝ կապված Արևմտյան Ադրբեջանի հետ»։