Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկումների ժամանակ օրեր առաջ հայտարարել է, որ մոտ 300 հազար Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիներ շարունակում են մնալ հայրենազրկված...
«Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքի բազմաթիվ կոչերին՝ սկսել երկխոսություն և ապահովել անվտանգ և արժանավայել վերադարձ հայրենիք, Հայաստանի կառավարությունը հրաժարվել է իրականացնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքը»:
Այսօր Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդական երգարվեստի ներկայացուցիչ Աշուղ Ալասկերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ կոչ է անում բոլոր արևմտյան ադրբեջանցիներին և ողջ ադրբեջանական ժողովրդին միավորվել մեկ նպատակի շուրջ
«...Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան, մենք հավատում ենք, ես հավատում եմ և դուք էլ եք հավատում: Կգա օրը, որ մենք կվերականգնենք հայերի կողմից Աշուղ Ալասկերի հուշարձանը և այսպիսի միջոցառում կանենք Աղքիլիսա գյուղում»։
Անտեղյակների համար ասեմ, որ ադրբեջանցի աշուղը ծնունդով Հայաստանից էր՝ Վարդենիսի շրջանի Ազատ գյուղից:
Հայտարարություներից բացի իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված Մեծ Վերադարձի պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար: Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում նպատակ կա ձևավորել Վերադարձի հարցերի հանձնաժողով:
Այս և բազմաթիվ այլ փաստեր, քայլեր ու հայտարարություններ որևէ կասկած չեն թողնում, որ հայրենազրկված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման պարտավորությունը Ադրբեջանը դարձրել է այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կնքման նախապայման»: