Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ մի դեպքի ականատես եղա Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում։ Ժամը 16:30-ի սահմաններում, կայարանի շենքի կողքին մի ընտանիք կար կանգնած՝ հայր, մայր, զինվոր որդի և հավանաբար, մյուս որդին։ Քանի որ զինվոր էր, ուշադրությունս գրավեց։ Տեսնեմ` հայրը կեսից պակաս «Կոկա-կոլա»-ի մեջ, ենթադրաբար, օղի է լցնում օղու շշից։ Ընտանիքով հավաքվել, իրենց զինվոր որդուն էին ճանապարհում՝ փորձանքը ծնողներով լցնելով հյութի շշի մեջ։ Շիրակի բարբառով էին խոսում։ Այսպես մանրամասն եմ նկարագրում, որ գուցե գրառումս կարդան ու իրենց ճանաչեն: Եթե մոտենայի ու ասեի` ինչ եք անում, հաստատ կռիվ կլիներ, զգացվում էր, որ ագրեսիվ են։ Զինվորը մի կողմ, ջահել է, հազար բան կուզի, բա ծնո՞ղը։ Ինքն իր ձեռքով լցնի, խառնի, որ որդին ենթադրաբար զորամաս տանի ալկոհոլով հյո՞ւթը… Խմեն, իրար նայվածք դուրները չգա ու տան սպանեն իրար։ Այդ ժամանակ այդ նույն ծնողը բանակին ու սպայական կազմին կդարձնի քավության նոխազ։ Հիմա եթե հրամանատարներն էլ կտրականապես արգելեն անգամ հյութի ներս տանելը, էլի այդ ծնողը կասի` սա բանա՞կ է , թե՞ գաղութ…
Մեր բանակում միջանձնայինում տեղի ունեցողում ծնողն իր «ներդրումը» ևս ունի»: