Երևանի առաջին և գլխավոր ծննդատան շենքն ի սկզբանե այլ նպատակով էր կառուցվել
Քչերը գիտեն, որ Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի անկյունում գտնվող նեոդասական ոճով կառուցված շենքը, որը երևանցիներին հայտնի է որպես «Մարգարյան» ծննդատուն (այժմ՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն) ի սկզբանե կառուցվել էր բոլորովին այլ նպատակով։ 1930 թվականին, երբ արդեն 10 տարի Հայաստանում հաստատվել էին Խորհրդային կարգերը և նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը լծվել էր կառավարության համար նոր շենքի կառուցման բարդ գործին, նախարարների խորհուրդը նստավայր չուներ։ Այդ ժամանակ դեռ կառուցվել էր Կառավարության շենքի՝ դեպի Նալբանդյան փողոց նայող թևը, որտեղ տեղավորվել էր հողագործության ժողկոմը՝ Ալեքսանդր Թամանյանի մտերիմ ընկեր Արամայիս Երզնկյանի գլխավորությամբ, իսկ Կառավարության շենքի մյուս թեևը, որտեղ պետք է հաստատվեր նախարարների խորհուրդը, դեռ չէր կառուցվել։ Ահա այս ժամանակ էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը պատվեր է ստանում կառուցելու ժամանակավոր շենք, որտեղ կտեղակայվեր նախարարների խորհուրդը։ Որպես օգնական` Բունիաթյանին միացել է մեկ այլ տաղանդավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, և նրանք սկսել են մշակել նոր շենքի նախագիծը, որից հետո մեկնարկել է շինարարությունը։ |