Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դա երկու դեպքում է հնարավոր. եթե ինքը սահմանադրագետ է կամ՝ եթե ուղղորդելու է ՍԴ-ին․ «Հրապարակ»

09:24, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
Դա երկու դեպքում է հնարավոր. եթե ինքը սահմանադրագետ է կամ՝ եթե ուղղորդելու է ՍԴ-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը ՄԻԵԴ և ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին, որի ՍԴ լիազորությունները դադարեցված են, խնդրել է մեկնաբանել ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Տիկին Գյուլումյանը հաստատել է Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասով, որ զուտ իրավական տեսանկյունից Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, ապա գործում է միջազգային պայմանագիրը, իսկ Սահմանադրությանը համապատասխանության հետ կապված՝ այդ պայմանագիրը պետք է անցնի նախնական սահմանադրական վերահսկողություն։ «Եթե նախնական սահմանադրական վերահսկողության ժամանակ ՍԴ-ն գտնի, որ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները հակասում են Սահմանադրությանը, այստեղ կա՛մ պայմանագիրը պետք է փոփոխվի՝ նոր բանակցություններ, կա՛մ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Իրավական տեսանկյունից այսպես է, բայց այլ հարց է, թե ինչ փոփոխություն նկատի ունի, և ինչ ձևով է դա արվելու»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հնչեցրած կարծիքին, թե հավանական չէ, որ Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության պայմանագիրը ՀՀ սահմանադրությանը հակասող կճանաչի, ՍԴ նախկին դատավորն ասաց․ «Ես չգիտեմ, թե նա ինչու է հավանական համարում, որ ՍԴ-ն չի գտնի այն հակասահմանադրական։ Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է և համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, և մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի, հետևաբար, այդպես չի անի։ Նա իրավունք չունի այդպես ասելու, որովհետև քաղաքական իշխանությունը չի կարող կանխորոշել դատարանի որոշումը, որովհետև այդ արտահայտությունը կարող է դիտարկվել որպես դատարանին ուղղորդել»։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք՝ արդեն այսօր, նկատի առնելով Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ Սահմանադրական դատարանի դեմ դեռ 2019 թվականից սկսած գրոհը, այն զավթելու և յուրայիններով համալրելու գործընթացը, որը հաջողությամբ իրականացրեց քաղաքական իշխանությունը, հենց այս հեռահար նպատակն էին հետապնդում։ «Երևի, երևի։ Ժամանակին մենք ասում էինք այդ մասին, որ իրենց պետք է Սահմանադրական դատարան, որը պետք է ունենա այն մեծամասնությունը, որը կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական մեծամասնությանը»,- արձագանքեց Ալվինա Գյուլումյանը։

Մանրամասները՝ թերթի համարում։

1811 | 0
Facebook