Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ն չի համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունն իր գործընկերների հետ կազդի խաղաղ գործընթացի վրա». Փեթեր Սթանո

21:12, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«ԵՄ-ն չի համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունն իր գործընկերների հետ կազդի խաղաղ գործընթացի վրա». Փեթեր Սթանո

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Փեթեր Սթանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին և Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակն ափսոսանք է հայտնել Ալիևի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։

«Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»,- ասել է Սթանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարևորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում` տեղի բնակչության համար։ Սթանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, և որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար:
     Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիևի խոսքերին, ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին և հիշեցրել Հայաստանի` ինքնիշխան երկիր լինելու մասին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունն իր գործընկերների հետ կազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը»,- ասել է Փեթեր Սթանոն և կրկին ընդգծել, որ ԵՄ-ի` 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է` բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար: Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։

«Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ: Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է և ոչ հարձակողական»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1379 | 0
Facebook