Փոփոխություններ` Արցախից 2020թ․ տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի ընթացակարգում
2020 թ․ տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխանելու դեպքում: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական նախարարությունից: Ծրագրում իրականացված փոփոխություններով՝ հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝ • հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, • հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, • օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։ Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ * 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, * 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, * զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն, * գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը, * ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ Երկրորդ փուլից կարող են օգտվել՝ * 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, * 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝ * ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։ |