Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էրդողանը չի հակադրում ԲՐԻԿՍ-ը ՆԱՏՕ-ին»․ Հակոբ Բադալյան

17:42, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Էրդողանը չի հակադրում ԲՐԻԿՍ-ը ՆԱՏՕ-ին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցումը չի նշանակելու ՆԱՏՕ անդամությունից հրաժարում:

Նախ իհարկե հարց է, թե արդյո՞ք Թուրքիան կանդամակցի ԲՐԻԿՍ-ին կամ՝ ե՞րբ դա տեղի կունենա: Հիշեցնեմ, որ ամռանը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց Անկարայի այդ ցանկության մասին, ինչին հաջորդել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ ԲՐԻԿՍ երկրները որոշել են առժամանակ սառեցնել նոր անդամներ ընդունելու գործընթացը, որպեսզի նախ «մարսեն» արդեն տեղի ունեցած ընդլայնումը:

Նկատեմ, որ ԲՐԻԿՍ ընդլայնումը տեղի ունեցավ 2024-ին, երբ կազմակերպության անդամ դարձան Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Հայտ էր ներկայացրել և հավանություն էր ստացել նաև Սաուդյան Արաբիան, սակայն Էր Ռիյադը որոշակի կասեցրել է ընթացքը և չի մտելլ ԲՐԻԿՍ: Հայտ ներկայացրել էր նաև Արգենտինան, սակայն Միլեյի նախագահ ընտրվելուց հետո Բուենոս-Այրեսը հրաժարվեց ԲՐԻԿՍ անդամության մտադրությունից, ինչը զարմանալի էլ չէ, եթե հաշվի առնենք Միլեյի ոչ միայն էթնիկ ծագումը, այլ ըստ էության նաև իսրայելապաշտության դրսևորումները, որ եղել են նախագահ ընտրվելուց հետո:

Վերադառնալով Թուրքիային: Այս դեպքում էլ զարմանալի չէ, որ Թուրքիան չի հակադրում ԲՐԻԿՍ-ը ՆԱՏՕ-ին: Նախ, ի վերջո թուրքերը քաղաքականապես հասուն են և աշխարհաքաղաքականությունը չեն պատկերացնում մեկը մյուսին հակադրելով, այլ փորձում են իրենց համեստ կարողությամբ խաղալ այլոց հակադրությունների վրա: Իսկ համեստ կարողություն ասելով, նկատի ունեմ իհարկե ուժային այլ կենտրոնների հետ համեմատությամբ, այլ ոչ թե ինքնին:

Եվ կարևորը՝ Թուրքիայի աշխարհաքաղաքականության ուժային հիմնական սնուցող աղբյուրներից մեկը, եթե ոչ հենց հիմնականը՝ անդամությունն է ՆԱՏՕ-ին: Եվ այստեղ ՆԱՏՕ-ն ու Թուրքիան միմյանց համար անփոխարինելի են, անփոխարինելի: Թուրքիան կարող է տարաձայնություններ ունենալ դաշինքի առանձին անդամների, օրինակ Ֆրանսիայի, Հունաստանի հետ, բայց դաշինքի առանձին անդամները ՆԱՏՕ չեն, ՆԱՏՕ դաշինքն ինքնին ունի այլ աշխարհաքաղաքական տրամաբանություն և ռազմավարություն: Ավելին, Ֆրանսիան ու Հունաստանն այդ դաշինքում եղանակ ստեղծող չեն: Այո, նույնիսկ Ֆրանսիան, ինչի վկայություն էր այն, որ, երբ նախագահ Մակրոնը խոսում էր Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե այդպիսի քայլերը պետք է անել համաձայնեցնելով դաշնակիցների հետ:

Այսինքն, ՆԱՏՕ ԳՔ-ն իրեն իրավունք վերապահեց, իհարկե, դիվանագիտորեն նուրբ, բայց առարկել անդամ միջուկային երկրի նախագահի:

Թուրքիան այսօր դեպի Արևելք և Հարավ ուժ ունի այն պատճառով, որ ՆԱՏՕ անդամ է: Եթե Անկարան դադարի լինել դաշինքի անդամ, ապա էապես փոխվելու է նրա և Ռուսաստանի, նրա և Իրանի, նրա և Հնդկաստանի, նրա և Չինաստանի միջև ուժերի հարաբերակցությունը: Խոսքը զուտ ռազմուժի մասին չէ, այլ քաղաքական «բազիսի»:

Եվ ավելին, թեև առերևույթ եվրաատլանտյան ուղղությունից կարող են հնչել դժգոհություններ՝ ԲՐԻԿՍ ուղղությամբ Թուրքիայի հետաքրքրությունից, բայց իրական ռեժիմում կարծում եմ ՆԱՏՕ-ն բոլորովին դեմ չի լինի, եթե Թուրքիան անդամակցի այդ կազմակերպությանը, այդպիսով, ներեցեք փոքր ինչ պարզունակ ու կոպիտ ձևակերպմանը՝ դրանում դառնալով «ՆԱՏՕ գործակալ»:

Հատկանշական է, որ հենց Թուրքիայի՝ անդամության ցանկություն արտահայտելուց հետո հնչեց հայտարարություն ԲՐԻԿՍ-ից, որ որոշեն ել առժամանակ սառեցնել նոր անդամներ ընդունելու գործընթացը: Սա, իհարկե, չի նշանակում, որ չեն ընդունի հայտեր: Բայց, դա նշանակում է, որ Թուրքիայից թերևս բավականին բարձր գին կուզեն անդամության համար, որը պետք է ներառի որոշակի «երաշխիքներ», որ Անկարան ԲՐԻԿՍ-ում չի զբաղվի «պարտիզանությամբ»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
911 | 0
Facebook