«6 տարին բավարար չէ՞ սուտը ճշտից զատելու համար»․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2018-ին ոմանք զգուշորեն հարցնում էին՝ կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», իշխանության ձգտող ուժը վիրավորվում էր ու եռանդով հերքում: Երբ ասում էին՝ հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ ես խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում` «զրոյական կետից սկսել բանակցությունները», վրդովվում էին` «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Երբ մարդիկ ահազանգում էին, թե՝ «Արցախը հանձնում եք», երդում-պատառ էին ուտում` «ով հանձնի...»: Երբ 2019-ից սկսած զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, զինվում է, իսկ մենք ոչինչ չենք անում, ասում էին` թշնամուն «նավոդկա» եք տալիս: Երբ 2020-ին ասում էին, որ կուտակումներ են սահմանին, այս պատերազմին Թուրքիան էլ է մասնակցելու, հայտարարում էին` վստահ ենք, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի դեմ, դուք պատերազմի մասին լուրերով խուճապ եք տարածում: Երբ պատերազմի ժամանակ գրում էինք, թե հայկական բանակը պարտվում է, սխալ են վարում պատերազմը, մի կենտրոնից կառավարում չկա, ասում էին՝ 5-րդ շարասյունը թշնամու ջրաղացին ջուր է լցնում, պարտություն է երազում։ Երբ պատերազմից հետո մարդիկ ասում էին, որ պարտված անձի` իշխանության ղեկին մնալը վատ հետեւանքներ է ունենալու, պարտված ղեկավարը վատ բանակցող է, ասում էին` չկա նման բան, ժամանակ տվեք` Փաշինյանը կշտկի իրավիճակը: Երբ 2021-23 թվերին փոքրիկ սադրանքներով ու մինի-պատերազմներով թշնամին անընդհատ առաջ էր շարժվում` նորանոր տարածքներ գրավելով եւ նոր կյանքեր խլելով մեզնից, ամեն անգամ ասում էին` սա վերջին բախումն է, վերջին զոհը: Երբ սկսեցին Թուրքիայի հետ սիրախաղերը եւ խոստումները, թե շուտով սահմանը կբացվի, տնտեսական աճ կունենանք, խաղաղություն կհաստատվի, մարդիկ զգուշացնում էին, որ դրանք միֆեր են՝ չի լինելու ո՛չ սահմանի բացում, ո՛չ խաղաղություն: 6 տարին բավարար չէ՞ սուտը ճշտից զատելու համար»։ |