«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ՀՀ-ում ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպես, ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և անծանոթ լրատվամիջոցներով և իհարկե Հ1- ով Առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ ՀՀ-ում շատ բարձր է ծննդալուծման դեպքերի մեջ կեսարյան հատումների չափաբաժինը՝ շուրջ 40% և որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ մոր և մանկան առողջության բաժնում ամրագրած է կեսարյան հատումների աճի նվազեցման դրույթը, որից էլ բխում են իրենց դարակազմիկ միջոցառումը։
Ներկայացնում են, որ որպեսզի զսպեն կեսարյան հատումների թվի աճը նորմալ և բարդացած ծնունդների գներն են բարձրացրել և որ 2008 թվականից այն չի վերանայվել:
ՀԻՇԵՑՈՒՄ, ինչ վերաբերում է մանկաբարձական ծառայությունների գներին՝ ծննդալուծում նորմալ ճանապարհով, կեսարյան հատում և այլն, ապա այն անցել է փոփոխությունների, վերանայումների երկար ճանապարհ, մինչև 2011թ. այն եղել է ընդհանուր հիվանդանոցային ծառայությունների նման, և մեկ դեպքի համար փոխհատուցվել է մոտ 50000 ՀՀ դրամ, հետագայում նորմալ, բարդացած ծննդաբերությունների գները բարձրացվել են, նույնիսկ՝ կրկնապատկվել և զուգահեռ ներդրվել է ծննդօգնության ծառայության աշխատակիցների բոնուսային վարձատրության մոդել, որը գործում է մինչև այժմ, որը նույնպես իր հերթին վերանայվել է 2015թ., 2019թ.:
Այսպիսով, օրինակի համար, նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերությունը երկար ժամանակ փոխհատուցվում էր 109400 դրամի չափով, հաջորդիվ, 2018 թվականին իրականացվել է ծննդօգնության ծառայությունների վերանայում և ոչ միայն գնային փոփոխություններ են իրականացվել, այլև փոխվել է ծննդօգնության ծառայությունների դասկարգումը՝ ըստ ֆինանսական փոխհատուցման և սահմանվել է գին՝ 140000 դրամ, ապա 2023 թվականին՝ 150000 դրամ:
Ներկայացրած կարճ քրոնիկան վերաբերում է ԱՆ-ի այն պնդմանը, թե 2008 թվականից ծննդօգնության գները չեն վերանայվել: Փաստեմ, որ ոչ միայն մի քանի անգամ գներն են վերանայվել, այլև մտցվել է ծննդատան աշխատողների բոնուսային վարձատրություն, ավելին՝ սահմանվել են ծննդատների մակարդակներ և ըստ դրա սահմանվել են ծնունդների ֆինանսավորման առավելագույն չափաբաժիններ, օրինակ՝ 1-ին մակարդակի ծննդատունը պետության կողմից բարդացած ծնունդների համար ընդհանուր ծնունդների թվի 13%-ի չափով է ֆինանսավորվում, իսկ կեսարյան հատումների համար՝ 15%-ի չափով: (ՀՀ ԱՆ 2019թ. 331-Ա հրաման): Այս չափաբաժիններից ավելի կատարածը ֆինանսավորվում է նորման ծննդաբերության գնով:
Ասել կուզեմ, որ կեսարյան հատումների թվի աճի ֆինանսական զսպան գործիք կիրառվում է 2012 թվականից, այն վերանայվել է 2019թ-ին, սակայն կեսարյան հատումների թվի աճը չի դանդաղում, ընդհակառակը:
Այնուհանդերձ, իրականում այս գների փոփոխությունով ինչ է անում ԱՆ-ն.
Ցավոք, ՀՀ-ում 2023-2024 թթ-ի ծնունդների համեմատությունը խոստումնալից չէ, արձանագրվել է թվի անկում՝ անկախ անպտղության հաղթահարման հարցում անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ընդլայմանը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023-2024 թթ. հունվար-հունիս ամիսների ծնվածների թիվը համապատասխանաբար 17192, 15898, այսինքն 1294-ով պակաս:
Իսկ ՀՀ Պետական բյուջեով 2024 թվականին մանկարձական բժշկական ծառայությունների համար նախատեսվել է շուրջ 7,424 մլն. դրամ 36114 դեպքի համար: Անզեն աչքով տեսանելի է, որ ծնունդների թվի նվազման նման տեմպի պարագայում ընթացիկ տարում առնվազն 2000 ծնունդ պակաս է լինելու նախորդ տարվանից և ամենալավատեսական կանխատեսման դեպքում էլ ծննդօնությունում չի ծախսվի նվազագույնը 400 մլն դրամ: Սրան էլ հավելեմ, որ նույն Պետական բյուջեի «Առողջության համապարփակ ապահովագրությանն (ԱՀԱ) ուղղված միջոցառումներ» միջոցառումով նախատեսված 18 մլրդ դրամն այս տարի, հավանաբար, կվերաբախշվի այլ ծրագրերի մեջ:
Անդրադառնանք սույն աճպարարությանը, որ շեփորահարվում է` որպես կեսարյան հատումների զսպման հզոր գործիք:
Վերևում ներկայացրեցինք, որ ծնունդների թիվը նվազել է և այդ ծրագրում գումարներ են խնայվել, ԱՆ-ն որոշել է դրանց մի մասը թողնել ծննդօգնությանը: Հաջորդիվ կատարել է գների բարձրացում՝ նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերության գինը ավելացրել է 10%-ով, բարդացած ծնունդները՝ 25%-ով, կեսարյան հատման գները անփոփոխ են մնացել։
Ստացվում է` սա ոչ թե խթանող գործիք են հորինել, այլ ընդանենը ծրագրում մնացած գումարների հաշվին ծառայությունների գին են բարձրացրել, որն այս տարի կվերաբերվի վերջին եռամսյակին և կկազմի մոտ 10-12 մլն դրամի կարգի գումար՝ 400 մլն խնայողության դիմաց:
Դե բայց այս ամենը ներկայացվում է կեսարյան հատումների թվի նվազնան ռազմանվարական սոուսով:
ԿԵՑՑՑԵ ՓԻԱՌԸ
Ինչ վերաբերվում է ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացմանը, ապա, ըստ գործող վարձատրման չախորոշիչի, ծննդաբերության ժամանակ անեսթեզիոլոգը և նրա բուժքույրը բոնուս ստանում են, իսկ գների հրամանի 2-րդ բաժնում, որտեղ շարադրված են ծննդօգնության ծառայությունները, ծանոթություններ մասում ամրագրված է «բաժնի գներում ներառված են անզգայացման, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արժեքները»:
Հետաքրքիր է` ինչ անվճար էպիդուրալ անզգայացումից են խոսում, եթե անզգայացման ծառայությունը ներառված է ծննդաբերության գնի մեջ:
Ամփոխելով այս «ռազմավարական» միջոցառումը փաստում եմ.
*Ծննդօգնության գների փոփոխությունները որևէ աղերս չունեն կեսարյան հատումների թվի կրճատման հետ՝ կապրենք կտեսնենք:
*Ներկայացրած ծննդօգնության գների բարձրացումը կապված է ծնունդների թվի վազման և այդ ծրագրում գումարների պրոֆիցիտի հետ:
*Այն որ 2008 թ-ից հետո վերջապես հիշել են ծննդօգնության գները, իրականություն չէ, անգամ ամոթ է անցած 15 և ավել տարիներում կառավարիչների աշխատանքի վրա նման ստվեր գցելը:
Էպիդուրալ անզգայացման առումով արվել է ընդամենը այդ ծառայության առանձնացում է և գնի սահմանում:
Հ.Գ. Մի բան լավ է, որ, ամեն դեպքում, որոշակի գների բարձրացում է իրականացվել, որի արդյունքում մի փոքր էլ կավելանա բուժանձնակազմի աշխատավարձը:
ՀՀ կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, Նիկոլ Փաշինյան, աճպարարության փոխարեն իրական աշխատանքով զբաղվեք, օրինակ՝ իրավական ակտերում սահմանեք կեսարյան հատումների բացարձակ և հարաբերական ցուցումները և այլն»: