Չեխիայի հետախուզական ծառայությունները պնդում են` Ռուսաստանը գործակալներ է հավաքագրում Telegram-ի միջոցով
Չեխիայի հետախուզական ծառայությունները Ռուսաստանը համարել են իրենց երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը և ընդգծել, որ Մոսկվան փորձում է վերականգնել իր գործակալների ազդեցությունը, որոնք «նոսրացել են» Պրահայում ՌԴ դեսպանատան աշխատակիցների լայնածավալ արտաքսմամբ։ Ինչպես հայտնում է ČTK-ն, այս մասին ասվում է Տեղեկատվական անվտանգության ծառայության (BIS) տարեկան զեկույցում։ Չեխիայի հակահետախուզությունը տարվա ընթացքում առավելապես կենտրոնացել է «Ռուսաստանի չարամիտ գործողությունների, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված քիբեր սպառնալիքների և այլ սպառնալիքների վրա: Նրանք նաև մեծացրել են ուշադրությունը Չինաստանի գործունեության վրա»: «Աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզը վերագծելու և «նոր աշխարհակարգ» ստեղծելու` Ռուսաստանի փորձերը այժմ ամենամեծ սպառնալիքն ու ամենամեծ մարտահրավերն են համաշխարհային հանրության համար»,- զեկույցում ասել է BIS-ի տնօրեն Միխալ Կուդելկան: Նա հավելում է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն ուկրաինական պատերազմի պատճառով, այլև արևմտյան հասարակություններում հակամարտությունները խորացնելու, ապատեղեկատվություն տարածելու և դիվերսիոն գործողությունների պատճառով, ինչը տեսանելի ապագայում կշարունակի մնալ անվտանգության լուրջ մարտահրավեր։ Հակահետախուզությունը նշել է, որ Ռուսաստանը դիվանագիտական քողի տակ փորձում է վերականգնել Չեխիայում իր գործակալների ազդեցությունը՝ 2021-2022 թվականներին Պրահայում ՌԴ դեսպանատան բազմաթիվ աշխատակիցների և դիվանագետների արտաքսումից հետո։ Հետևաբար, Ռուսաստանի Դաշնությունն ավելի հաճախ լրտեսական և ազդեցիկ գործողություններ է իրականացրել կամ անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքից, կամ բարեկամ կամ չեզոք երկրների տարածքից։ Այդ նպատակով օգտագործվում են ինչպես երկարաժամկետ դիվանագիտական հավատարմագրում, այնպես էլ կարճաժամկետ վիզաներ։ Աճել է նաև ռիսկը, որ չեխերին, ովքեր ինչ-ինչ նպատակով մեկնում են Ռուսաստան, կփորձեն հավաքագրել ռուսական հետախուզական ծառայությունները՝ Չեխիայի դեմ լրտեսելու համար: Ռուսաստանի կողմից հավաքագրված հանցակիցների կամ գաղտնի հետախույզների Չեխիա ժամանման ռիսկը բարձր է գնահատվում։ |