«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, և որևէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»:
Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային և այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն և անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք և այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։
Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով:
Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որևէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում հեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։ Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից` ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը»: