Ուրան, տիտան, նիկել. Ռուսաստանը պատասխան է պատրաստում Արևմուտքին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի կառավարությանը՝ ի պատասխան Արևմտյան պատժամիջոցների, «մտածել որոշակի սահմանափակումների մասին» գունավոր մետաղների, մասնավորապես՝ ուրանի, տիտանի և նիկելի արտահանման շուրջ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Դեպի մեզ մի շարք ապրանքների մատակարարումը սահմանափակվում է, բայց միգուցե պետք է նաև մենք մտածենք որոշակի սահմանափակումների մասին՝ ուրանի, տիտանի, նիկելի»,- ասել է Պուտինը ՌԴ վարչապետ Միշուստինին կառավարության անդամների հետ տեսակապի ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, եթե դա մեզ չի վնասում, ապա մենք կարող ենք մտածել, չեմ ասում, որ վաղը պետք է դա անենք, մտածենք արտաքին շուկա մատակարարման որոշակի սահմանափակումների մասին ոչ միայն այն ապրանքների մասին, որոնք ես նշել եմ, այլև մի այլ»,- ասել է ՌԴ նախագահը։
Իր ելույթում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «ռազմավարական հումքի մի շարք տեսակների» պաշարներով առաջատարն է։ Նրա խոսքով, Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային պաշարների գրեթե 22%-ը, ոսկու պաշարների 23%-ը և ադամանդի գրեթե 55%-ը: