Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել

22:06, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.
«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել։ ՔՏՀԱ-ի հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը` հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։

Հաշվի առնելով արձանագրված թերությունները Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։

Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։

Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։
     Ստեղծված իրավիճակում հարկ է նկատել, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։

Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել դրանց շահագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ, 5 վիրավոր։
     Վիրավորներից չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մեկ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

2126 | 0
Facebook