Միջնադարյան Անի մայրաքաղաքի ավերակներն այսօր Թուրքիայի ամենայցելվող տեսարժան վայրերից մեկն են, որտեղ ամեն օր կարելի է տեսնել հարյուրավոր տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնք այցելում են ժամանակի ամենանշանավոր հայկական քաղաքներից մեկն ու ծանոթանում մշակութային այն կոթողներին, որոնք քիչ թե շատ պահպանվել են և հասել մեզ։ Զբոսաշրջիկների թվում են նաև մեծ թվով հայեր, որոնց Անիի տարածքում կարելի է հանդիպել գրեթե ամեն օր։ Հայերի ուշադրությունն անմիջապես գրավում է հատկապես քաղաքի ու հուշարձանների պատմությունն ու կառուցման թվականը ներկայացնող ցուցանակները, որոնցում գրեթե չի հիշատկավում քաղաքի հայկականությունն ու հայկական թագավորության կողմից կառուցված լինելու փաստը։ Օրինակ, անմիջապես քաղաքի մուտքի պարիսպների մոտ տեղադրված ցուցանակի վրա ներկայացված է միջնադարյան քաղաքի պատմության ողջ ժամանակագրությունը՝ սկսած հնագույն ժամանակներից, մինչ Կամսարականներ, Բագրատունիներ և այլն։ Ցուցանակներում մանրամասն ներկայացվում է Բագրատունիների կողմից քաղաքի հիմնման պատմությունը, սակայն չի նշվում, թե ինչ ազգություն ու ծագում ունեն թագավորական այս տան ներկայացուցիչները։ Քաղաքի ժամանակագրության մեջ անգամ նշվում է, որ որոշ ժամանակաով Անին ընկել է վրացական թագավորության տիրապետության տակ, սակայն ոչ մի խոսք` հայկական թագավորության մասին։ Նույն պատկերն է տիրում նաև հուշարձանները ներկայացնող ցուցանակների տեղեկատվության դեպքում, նշված է կառուցման թվականը, կառուցող արքան կամ իշխանը, սակայն ոչինչ չի ասվում նրանց հայկական ծագման մասին։ Քիչ թե շատ, այս առումով պատշաճ է ներկայացված Անիի Մայր տաճարը։
Ի դեպ, քաղաքի մուտքավճարը արժե 8 դոլարին համարժեք թուրքական լիրա։