Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասում է Արթուրի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նաև չեմպիոնի մարզիչն է: Գևորգ Ալեքսանյանն ասում է՝ տեղի ունեցածն ամբողջ աշխարհը տեսավ. օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում փոխչեմպիոնի տիտղոսի՝ արծաթե մեդալի արժանացավ: «Մրցավարական սխալ կար»,- վստահ է մարզիչը, որը նաև այդ մասին հենց տեղում է բարձրաձայնել. «Գոտեմարտի ժամանակ իրանցի ըմբիշը գործող գոտուց 2 ոտքով դուրս եկավ: Այդ պահին պետք է 1 միավոր տային Արթուրին, բայց հակառակը եղավ: Թողեցին, որ ինքը դուրս գա այդ վիճակից, նաև շարունակի իր գործողությունը, անցնի Արթուրի հետևի հատվածը, ու դա գնահատվեց 2 միավոր: Ես բողոքարկեցի՝ որպես մարզիչ, մեր բողոքարկումը համարեցին սխալ: Մեկ միավոր էլ ավելացրին հակառակորդին, հաշիվը դարձավ 4:1, բայց իրականում պետք է լիներ 2:1՝ հօգուտ Արթուրի: 2 ոտքով դուրս գալուց հետո պետք է դադարեցվեր գոտեմարտը, ու միավոր տային Արթուրին: Դա շատ լավ իմանալով՝ Արթուրն այդ պահին էլ չպայքարեց, որովհետև պետք է կանգ առնեին: Դա օրենք է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ մրցավարական կազմը սխալ է թույլ տվել, ՀՀ օլիմպիական կոմիտեն էլ է բողոքարկել ՄՕԿ-ին, բայց դեռ պատասխան չունենք»,- ասում է Գևորգ Ալեքսանյանը: Կա, սակայն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ստացված գրավոր պատասխանը, որում նշված է՝ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի օլիմպիական գոտեմարտը: Այժմ Ալեքսանյանը դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան: Փաստաբան ունեն: Այլ մանրամասներ Գևորգ Ալեքսանյանը չի չցանկանում բարձրաձայնել, ասում է՝ սպասում են գործի ընթացքին: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |