Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ 2022-ին սկսեցի զբաղվել դասագրքագրությամբ, անձամբ մտածում էի, որ ուսուցիչների 10%-ի կողմից ընտրվելը լավ արդյունք կլինի։ Մեր գրածը տարբերվում էր տասնամյակներ շարունակ մաթեմատիկա բացատրելու մշակույթից, մեր դասագրքերում մաթեմատիկան կենցաղային ու հասարակ է, գիտությունների թագուհին չէ։ Ես չէի մտածում, որ Դուբիի և Մոկիի զրույցները կմտնեն բոլոր դպրոցներ՝ անկախ այդ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի ցանկությունից։
Անցել է երկու տարի ու ունենք այսպիսի արդյունք.
5 -րդ դասարան - 100%,
6 -րդ դասարան - 70%,
7 -րդ դասարան - 84%,
8 -րդ դասարան - 83%:
2023-ին, երբ հաստատվեցին 5-րդ և 7-րդ դասարանների գրքերը, թերահավատությունս չէր անցել։ Դե 5-րդ դասարանում հաստատված միակ դասագիրքն էր ու ուսուցիչներն ընտրություն չունեին, իսկ 7-րդ դասարանի բարձր ցուցանիշն ավելի շատ կապված էր մեր հանդեպ ունեցած ակնկալիքով, քան դասագրքի բովանդակությամբ։
Այս տարվա մրցույթների արդյունքներում հաստատվեց 6-րդ դասարանի երկու դասագիրք՝ մերն ու մաթեմատիկայի հրատարակչության մեծ փորձ ունեցող կազմակերպության ներկայացրած դասագիրքը։ Այդ իրողության պայմաններում 70%-ը նշանակում է, որ ուսուցիչների մեծամասնությունն ընդունել է մեզ, իսկ 8-րդ դասարանի ցուցանիշը նշանակում է, որ քչերն են հիասթափվել մեր 7-րդ դասարանի դասագրքից։ Դա շատ հաճելի է, որովհետև մենք ամբողջությամբ փոխել էինք ոչ միայն շարադրանքի ոճը, այլ նաև թեմաների հաջորդականությունն ու սովորելու տրամաբանությունը։
Ես շատ ուրախ կլինեի, որ 5-րդ դասարանի դասագրքին այլընտրանք նույնպես լիներ ու մեր ոճը չհավանող ուսուցիչները կարողանային ընտրել այն ու օգտագործեին։ Կրթությունը մեր համար բիզնես չէ, մեզ ուրախացնում է ոչ թե հաջողությունը, այլ ճիշտ գործ անելու գիտակցումը։ Իսկ ճիշտ գործը շարունակել ու զարգացնել է պետք»։