«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, գլխավոր մարտահրավերն է վերադարձի ու գործընթացի վերականգնման համար։ «Արդյո՞ք Արցախի պետականության ու ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքեր կան։ Ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկված Արցախի բնակչության տեղափոխությունը ՀՀ՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով, զգալի բարդացրել է խնդրի լուծումը, հետևաբար լուծման տանող առաջին քայլը պետք է լինի արցախահայության վերադարձը հայրենի շեներ՝ լիակատար անվտանգության պայմաններում։ Պահանջվում է ՄԱԿ-ի լիակատար միջամտություն, միջազգային լիազորություններ ու պարտականություններ ունեցող խաղաղապահ առաքելության տեղակայում ԼՂԻՄ-ի սահմաններին և ժամանակավոր միջազգային կառավարման հաստատում՝ մինչ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի որոշումը հանրաքվեով։ Երկրորդ փուլը պետք է լինի ՄԽ համանախագահների միջնորդությամբ կարգավորման ընդհատված գործընթացի վերականգնումով՝ միջազգային իրավունքի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի երեք հանրահայտ սկզբունքների ու վեց տարրերի կիրառմամբ»,- ասել է Տիգրան Թորոսյանը։