«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում փոխվեց. ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնաց Մոսկվա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Վաղարշակ Հարությունյանը վերադարձել է Երևան, ինչը շատ է տխրեցրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
Տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաև Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում եւս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այն պաշտոնյան է (նա ՀՀ պաշտպանության նախարարն էր), որը ՌԴ պաշտպանության նախարարի հետ առանձին փաստաթղթի ստորագրմամբ Սյունիքի մարզից հայ դիրքապահներին ստիպեց հետ քաշվել, և հողերը տրվեցին Ադրբեջանին: Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում հստակ գրված էր, որ պատերազմի դադարից հետո «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», բայց Վաղարշակ Հարությունյանը մեր բարենպաստ դիրքերը առանձին փաստաթղթով նվիրեց Ադրբեջանին: Եվ ահա, այս պաշտոնյայի համար Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում, որ առանց պաշտոնի չթողնի նրան»։
Մանրամասները՝ թերթի համարում։