Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ստորև հակիրճ ներկայացնում եմ, հիգիենիկ տեսանկյունից, ինչո՞ւ ցանկալի չէ ասֆալտապատել ճեմուղիները։ Շրջակա միջավայրի համար վնասակար գոլորշիների արտազատում։
Ասֆալտը պարունակում է մինչև 60% բիտում, որը նավթի վերամշակման կողմնակի արտադրանք է: Երբ այն տաքանում է, սկսում են արտանետվել քաղցկեղածին նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջության համար։ Սա հուշում է, որ ամռանը, ուղղակի վտանգավոր է ասֆալտապատ տարածքին մոտ գտնվելը։
Ջերմության կլանում։ Սև ասֆալտը կլանում է ջերմությունը ավել, քան մոխրագույն սալիկները։
Փխրունություն։ Ասֆալտի ծառայության ժամկետը զգալիորեն զիջում է այլ տեսակի ծածկույթներին, մասնավորապես՝ սալահատակներին: Ժամանակի ընթացքում, արևի ճառագայթների ազդեցության, ջերմաստիճանի փոփոխությունների, տեղումների, ասֆալտին ճաքեր և այլ փոփոխություններ են առաջանում՝ տեղում ստեղծելով անհարմարություններ և փչացնելով տեսքը:
Ասֆալտը անջրաթափանց է, այն թույլ չի տալիս, որ ջուրն անցնի ստորին շերտեր, ինչի արդյունքում այն կուտակվում է մակերեսին՝ տեղումներից հետո ջրի հոսք, կամ կուտակումներ են առաջանալու։
Արտաքին տեսք։
Բազմազանություն չունի, քանզի կարող է լինել միայն մեկ գույնի։
Խնդրահարույց է վերանորոգման համար: Եթե ասֆալտի մակերեսը վնասվում է, միայն այդ հատվածը կարող է փոխարինվել, սակայն տեսանելի հետքը կմնա վերանորոգված հատվածում: Եթե անհրաժեշտ լինի հողային աշխատանքներ իրականացնել, ապա անհրաժեշտ կլինի ասֆալտն ամբողջությամբ փոխարինել»։