ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես՝ անչափահաս ծնողների իրավունքների վերաբերյալ փոփոխությունները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով վաղ տարիքում երեխա ունենալու խնդրին, առաջարկել է պատժել անչափահաս ծնողներին․ «Մենք ընդունում ենք օրենքներ, բայց, թե պրակտիկայում ինչպիսի կիրառում է գտնում, չենք հետևում։ Եթե ինչ-որ մի տեղ անչափահասների ամուսնություն է տեղի ունենում և երեխա է ծնվում, դիտարկե՞լ ենք՝ այդ դեպում ի՞նչ է տեղի ունենում։
Եթե ասում ենք՝ անչափահաս տարիքում երեխա ունենաք, մենք երեխային գրանցելու ենք և երեխան էլ մնալու է ձեզ մոտ, ապա որևէ կերպ խնդիրը չենք լուծում։ Գոնե մի հսկայական տուգանք չսահմանե՞նք, ասենք՝ 5 մլն դրամ, կամ աշխատանքային գաղութ՝ 5 տարի ժամկետով։ Տուգանենք երեխայի ծնողներին, եթե չեն մուծում, գնան աշխատանքային գաղութ, որ հասկանան՝ վատ բան են արել, 14-15 տարեկանում երեխա ունենալը վատ բան է»,- նշել է նա: