«ԵՄ դիտորդները Հայաստանում են բացառապես ԵՄ շահի համար». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ունեցել է Հայաստանի շուրջ անվտանգային մրջավայրի և կայունության կառավարելիության հարցում որոշակի օգտակարություն, թերևս կասկած չկա: Իհարկե, այստեղ կա մյուս հարցը, թե ի՞նչ գնով է կայացվել այդ առաքելության համաձայնությունը: Փաստացի, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ առաքելության տեղակայումը կայացվել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով: Հիշեցնեմ, որ դիտորդների տեղակայման որոշումը կայացվել է հենց Պրահայի քառակողմ համաձայնության շրջանակում: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ադրբեջանի՝ Արցախի ռեինտեգրացիայի օրակարգի առաջմղումը սկսել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումով: Երևանը հրաժարվել է քննարկել ռեինտեգրացիայի բովանդակություն, ինչից երկու շաբաթ անց եղել է հարձակումը Ջերմուկի ուղղությամբ, որին էլ երեք շաբաթ անց հաջորդել է Պրահայի քառակողմ համաձայնությունը: ԵՄ դիտորդների տեղակայումը ըստ էության եղել է ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխիքը՝ Հայաստանը դրանից օգտվել է այնքանով, որքանով, այլ եղել է երաշխիք, որ Հայաստանը չի հրաժարվի «ռեինտեգրացիայի» տրամաբանություն ենթադրող բրյուսելյան գործընթացից: Այս կարծիքիս շատ պարզ օրինակը այն է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը անգամ չի կարողացել Հայաստանին գործուն կերպով օգտակար լինել իր իսկ սուվերեն տարածքում քաղաքացիական արդյունաբերական ձեռնարկություն կառուցելու հարցում: Խոսքս Երասխի գործարանի մասին է: ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ կերպ չի զսպել դրա հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ի վերջո Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել տեղի տալ և հրաժարվել իր իսկ սուվերեն տարածքի այդ հատվածում գործարան կառուցելուց, պետական բյուջեից ըստ էության փոխհատուցում տրամադրելով սեփականատիրոջը՝ գործարանն այլ վայր տեղափոխելու համար: ԵՄ դիտորդները այդ առնչությամբ տարածեցին իր բնույթով ցինիկ մի հայտարարություն՝ «օգնել են գործարանի տեղափոխումը իրականացնել անվտանգ»: Երբ կա Երասխի գործարանի օրինակը, առնվազն քաղաքական խոսակցություն չէ այն, որ ԵՄ դիտորդները զսպում են Ադրբեջանին: Եթե ի վիճակի էին զսպել, կզսպեին Երասխի գործարանի ըստ էության «անշառ» հարցում: ԵՄ դիտորդները Հայաստանում են բացառապես ԵՄ շահի համար: Իհարկե այնպես, ինչպես Հայաստանի առնչությամբ ցանկացած ուժային կենտրոնի գործողություն կամ վերաբերմունք: Բոլորն էլ իրենց շահի համար են: Եվ բոլորն էլ, այդ թվում ԵՄ-ն, ոչ պակաս իրենց շահն ունեն Ադրբեջանի հետ: Եվ, երբ Հաջիևը բարձրացնում է հարց, որ առաքելությունը հանվի Ադրբեջանի հետ սահմանից, ապա շատ հետաքրքիր է, թե դրա հանդեպ ինչպիսին է լինելու ոչ միայն Երևանի, այլ նաև Բրյուսելի վերաբերմունքը: Նաև Փարիզի, որը եղել է քառակողմ համաձայնության մասնակից»: |