Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախը հանձնվել էր ավելի շուտ». Ռոբերտ Հայրապետյան

01:00, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«Արցախը հանձնվել էր ավելի շուտ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020-ի քարուքանդ անող դավաճանապարտությունից ու Քարվաճառի հանձնումից հետո Արցախ տանող մեկ ճանապարհ էր մնացել` Բերձորի ճանապարհը՝ տարբեր, եռագույն, բայց ոչ հայկական դրոշներով։ Մի պատառ Արցախ էր մնացել՝ առանց Դադիվանք, բայց Գանձասարով ու Ամարասով։ Մի պատառ հույս էր մնացել, որ Մարտունիում կանգուն են Նժդեհի ու Մոնթեի արձանները։ Արցախում հայկական գյուղեր կային դեռ, որտեղ հայ երեխաները դպրոց էին գնում։
     Արցախը հանձնվել էր ավելի շուտ։ 2020-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։
     2020-ից հետո, օտարացած ճանապարհները ինձ մի քանի անգամ Արցախ պիտի տանեին դեռ… Ադրբեջանական դրոշով Շուշիի մոտով անցնելու պահերին մտքիս մեջ անընդհատ 1992-ին Շուշիի ազատագրման կադրերն էի վերհիշում, երբ մերոնք պարում էին Ղազանչեցոցում։
     Արցախը հանձնվել էր ավելի շուտ։
     2020-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։
     Արցախը հանձնվել էր. անգթորեն ու անվերադարձ։ 2023-ի սեպտեմբերի 20-ից հետո Արցախը պիտի դառնար «այստեղ»։
     Արցախի հայաթափումն սկսվեց տարերայնորեն։
     2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան «այստեղ», բայց հիմնականում՝ դեպի անհայտություն։
     2024 սեպտեմբերի 2… Մտքիս մեջ անընդհատ 1992-ին Շուշիի ազատագրման կադրերն են, Ջդրդյուզի սամավարի չայը, Պիտաչոկը, Վերածննդի հրապարակի մաքրությունը, օդը Արցախի… անփոխարինելի:
     Կա պայքար` հայրենիք վերադառնալու»:

4240 | 1
Facebook