Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում
15:48, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում իրականացվող ինտենսիվ հնագիտական աշխատանքները տվել են բացառիկ արդյունք․ բացվել են նախկինում անհայտ եկեղեցու հիմքեր՝ շատ լավ պահպանված խորանով և մկրտության ավազանով։ Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ներկայացրեց պեղող հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Դիանա Միրիջանյանը՝ եկեղեցին կից է գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից։ Նորահայտ եկեղեցին ունի փոքր չափեր։ Շատ լավ պահպանվել է խորանը, դեպի խորան բարձրացող 2-3 շարք քարե աստիճանները և սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատի տակ՝ մկրտության ավազանը։ Եկեղեցու պատերը կառուցվել են ճեղքված քարերով՝ ամրացված հողի և կավի շաղախով։ Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում Նորահայտ այս եկեղեցու մասին որևէ հիշատակություն չկա։ Վանքի նախկին ուսումնասիրողները, մասնավորապես` Գարեգին Հովսեփյանը և Սեդրակ Բարխուդարյանը իրենց ուսումնասիրություններում չեն անդրադարձել այս կառույցին, ինչը վկայում է, որ եկեղեցին վաղուց է ծածկված եղել հողի հաստ շերտով։ Լանջանիստ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա գտւնվող այս համալիրը «Սպիտակ վանք» անվանումն ստացել է սպիտակ սրբատաշ ավազաքարով կառուցված լինելու պատճառով։ Հուշարձանը ներառում է գլխավոր եկեղեցին, եկեղեցու շուրջ սփռված XIII-XVII դդ. գերեզմանոցը, 4-5 սենյակներից կազմված օժանդակ շինություններ, որոնք ավերված են: 1301թ-ով թվագրվող գլխավոր եկեղեցին ուղղանկյունաձև միանավ բազիլիկ է: Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում Սպիտակ Վանքը մեծապես տուժել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ |
2644 | 0